BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Պարսից ծոցը փակում է ելքերը

Պարսից ծոցը փակում է ելքերը
06.06.2017 | 12:04

Երեկվա օրը տագնապալի էր Կատարի համար՝ փոքր պետություն անապատում: Մեծ Բրիտանիայի նախկին գաղութի, որ 1971-ից անկախ պետություն է, տարածքը 11 586 քառակուսի կիլոմետր է՝ Արաբական թերակղզու հյուսիս-արևելքում, հարավում սահմանակցում է Սաուդյան Արաբիային, մյուս սահմանները Պարսից ծոցում են: Հյուսիս-արևմուտքում ծովային սահման ունի Բահրեյնի, հարավ-արևելքում՝ ԱՄԷ-ի հետ: Կատարն աշխարհի ամենահարուստ պետություններից է՝ աշխարհում երրորդն է բնական գազի պաշարներով, վեցերորդը՝ գազի արտահանումով և քսանմեկերորդը՝ նավթի ու նավթամթերքների: Երկրի համարյա ամբողջ տարածքը անապատ է, հյուսիսում՝ անապատային հարթավայր՝ եզակի օազիսներով, կենտրոնում՝ քարոտ անապատ աղուտներով, հարավում՝ ավազաբլուրներ: Կլիման՝ չոր, հասարակածային, ջերմաստիճանը երբեմն հասնում է 50°C:

Թերակղզին աղքատ է ջրով, գետեր չկան, ջրի մեծ մասը ստացվում է ծովի ջրի աղազրկումով: Խմելու ջրի ստորգետնյա աղբյուրներն ու օազիսները հյուսիսում են: Կատարը բացարձակ միապետություն է, էմիրը շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանին է, նա է նշանակում վարչապետին, նախարարներին ու խորհրդակցական խորհրդին՝ խորհրդարանին, որ ունի 35 անդամ: Կատարում արգելված են քաղաքական կուսակցությունների, արհմիությունների ստեղծումը, ցույցերը: Բնակչության 40 %-ը արաբ է, 18 %-ը՝ պակիստանցի, 18 %-ը՝ հնդիկ, 10 %-ը՝ իրանցի: Պաշտոնական լեզուն արաբերենն է, պետական կրոնը՝ սուննի իսլամը, շիա են իրանցիները: Նավթի ու գազի արդյունահանումը ՀՆԱ-ի 50 %-ն է, բյուջեի 85 %-ը, եկամուտների 70 %-ը: Կատարի տնտեսական քաղաքականությունը հիմա ուղղված է տնտեսության ոչ էներգետիկ հատվածը մեծացնելուն: Արդյունաբերությունը տալիս է ՀՆԱ-ի 75 %-ը, ծառայությունները՝ 25 %, գյուղատնտեսությունը՝ 0,1 %: Զարգացած է նավթավերամշակող, նավթաքիմիական, քիմիական, մետամղամշակման արդյունաբերությունը: Գյուղատնտեսությունը շատ թույլ է զարգացած և բավարարում է բնակչության 10 %-ի պահանջները: Հողամշակումը կենտրոնացած է օազիսներում (արմավ, բանջարեղեն, այգեգործություն), անասնապահությամբ զբաղվում են քոչվոր ցեղերը, որ բուծում են ուղտեր ու այծեր: Հիմնական արտահանումը՝ գազ, նավթ, պարարտանյութեր, պողպատ, հիմնական գնորդները՝ Ճապոնիա, Հարավային Կորեա, Սինգապուր, Թաիլանդ, Հնդկաստան: Հիմնական մատակարարները՝ ԱՄՆ, Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա, Ֆրանսիա: Կատարում գործում են 16 առևտրային բանկեր: 1992-ից Կատարը սերտ համագործակցում է ԱՄՆ-ի հետ ռազմական ոլորտում: Կատարի տարածքում ԱՄՆ-ը ռազմաբազա ունի՝ 12 330 զինվորով:

Կատարի ցամաքային զորքերը 8500 զինվոր ունեն՝ այդ թվում էմիրի գվարդիան, զրահատանկային գունդը, դաշտային հրետանի, մոտոհրաձգային գունդ, մարտական ինքնաթիռներ, ռազմական նավատորմ: Վերջին տարիներին Կատարը բազմիցս մեղադրվել է իսլամիստական ահաբեկչական խմբավորումների ֆինանսավորման մեջ՝ Ալ Քաիդայի, Մուսուլման եղբայրների, Թալիբանի, ՀԱՄԱՍ-ի, ԻՊ-ի, Ջաբհատ Ֆատհ աշ Շամի: Ահա այսպիսի պետության հետ երեկ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Եգիպտոսը, Եմենը խզել են դիվանագիտական հարաբերությունները՝ մեղադրելով ահաբեկչությունը սատարելու մեջ: Պարսից ծոցի արաբական երկրները փակել են տրանսպորտային հաղորդակցությունը Կատարի հետ, կատարցիներին երկու շաբաթ են տվել իրենց տարածքից հեռանալու համար: Մոսկվան շահագրգռված է Պարսից ծոցի երկրների հետ բարեկամական հարաբերությունների պահպանմամբ, սակայն չի միջամտի տարածաշրջանի ներքին գործերին՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք շահագրգռված ենք բարեկամական հարաբերությունների աջակցությամբ, շահագրգռված ենք, որ Պարսից ծոցում կայուն և խաղաղ մթնոլորտ լինի, որի շրջանակում էլ էական տարաձայնությունները կարգավորվում են»,- հավելել է նա: Իրանը երկխոսության կոչ է արել. «Տարածաշրջանի պետությունների միջև տարաձայնությունների, ներառյալ Կատարի ու նրա երեք հարևանների միջև ներկա խնդրի լուծումը հնարավոր է միայն քաղաքական և խաղաղ եղանակների, կողմերի միջև երկխոսության միջոցով»՝ ասել է Իրանի ԱԳ նախարար Բահրամ Հասեմին: Կատարը երբեք թշնամական վերաբերմունք չի դրսևորել Իրանի նկատմամբ, Իրանի հետ համատեղ մշակում է Հյուսիսի հսկայական նավթահանքը: Կատարը երբեք չի խորացել Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձությունների շիա-սուննի մեկնաբանության մեջ: Իրանի նկատմամբ իր վերաբերմունքում Կատարը մենակ չէ՝ Օմանը և Քուվեյթը ևս հրաժարվում են Իրանին ատելության թիվ մեկ հասցե դարձնել և չեն միացել Կատարի դեմ դիվանագիտական դեմարշին: Իրականում Կատարի դեմ դեմարշը Դոհայի դեմ չէ ուղղված, այլ՝ Թեհրանի: Իրադարձությունները այս ընթացքը ստացան ԱՄՆ նախագահ Թրամփի՝ Սաուդյան Արաբիա այցից ու այնտեղ անցկացված գլոբալ հակաահաբեկչական համաժողովից հետո: Սա Թրամփի հերթական ռեբուսներից է, եթե հաշվի առնենք Կատարում տեղակայված ԱՄՆ-ի ռազմաբազան, նա ակնհայտորեն իր ռազմական հենակետը Կատարից Սաուդյան Արաբիա է փորձում տեղափոխել, ում հետ 300 միլիարդի զենքի վաճառքի պայմանագիր է կնքել:

Ժորժ Մալբրյունոն Le Figaro-ում գրել է, որ չորս երկրները Դոհային մեղադրում են իսլամիստներին աջակցության մեջ և Իրանի նկատմամբ բարյացակամ վերաբերմունքի: Նա համարում է, որ սա ամենածանր ճգնաժամն է Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի անդամ երկրների միջև վերջին 30 տարիներին: Իր ազգային անվտանգության համար՝ պաշտպանվելու ահաբեկչության ու էքստրեմիզմի սպառնալիքներից, Էր Ռիադը որոշել է փակել ցամաքային, օդային և ծովային սահմանները Կատարի հետ:
Ի պատասխան՝ շրջափակման մեջ հայտնված Դոհան հարևաններին մեղադրել է իր նկատմամբ վերահոսկողություն սահմանելու ցանկության մեջ: Դրանք չարդարացված և չհիմնավորված միջոցներ են՝ հայտարարել է Կատարի ԱԳՆ-ն, նշելով, որ հարևանները «հստակ նպատակ ունեն՝ Կատարի պետությունը վերահսկողության տակ դնել, որ նշանակում է նրա ինքնիշխանության խախտում և միանգամայն անընդունելի է»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ինչո՞ւ ճգնաժամը պայթեց հենց երեկ: Որովհետև նախորդ օրը Լոնդոնում հերթական ահաբեկչական հարձակումն էր եղել, որի պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ը: Լոնդոնի ահաբեկչությունը վերջին կաթիլն էր Արևմուտքի համբերության բաժակում: Լոնդոնի երրորդ ահաբեկչությունից հետո Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ պոլիտկոռեկտությունից հրաժարվելու ժամանակն է, եթե «խելքի չգանք», ամեն ինչ ավելի վատ կլինի: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը որոշել է ռադիկալների դեմ քաղաքականությունը կոշտացնել: Գերմանիան ու Ֆրանսիան նրան կաջակցեն: Արևմուտքը փոխում է մարտավարությունը՝ անհայտ հետևանքներով: Հազիվ թե մուսուլմանները կամավոր թողնեն բարեկեցիկ Եվրոպան ու վերադառնան իրենց խառնակ վիճակում գտնվող հայրենիքները, բայց խաղի կանոնները փոխվում են:
Մեղադրելով Կատարին ահաբեկչության ֆինանսավորման մեջ՝ արաբական երկրները նախ իրենք են ձերբազատվում ահաբեկիչների հետ կապերից, իսկ հաջորդ քայլով լուծում են նաև Իրանի հետ մրցակցության խնդիրը: ԱՄՆ-ը փորձում է փոխել Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռությունը՝ գերակայություն տալով Իսրայելին ու Սաուդյան Արաբիային: Իրանին մնում է հավաքել իր շրջանակը: Իրավիճակը կարող է սրվել, կարող է լիցքաթափվել՝ տարածաշրջանում նոր ռազմական կոնֆլիկտ չհարուցելու համար: Բնական է, որ Կատարի դեմ ռազմական գործողություններ սկսելու դեպքում՝ միջամտելու են մյուս երկրները: Պարզ է նաև, որ շրջափակված Կատարը երկար չի կարող դիմանալ, հաշվի առնելով, որ բնակչության սնունդը և ջուրը հիմնականում ներմուծվում է:
Մի քանի օր առաջ Հայաստանը վերացրեց վիզան Կատարի հետ: Նպատակը՝ ներդրումներ ստանալն էր: Չբերեց Հայաստանի բախտը: Կատարի շուրջ միջազգային սկանդալը ցնցելու է նավթի համաշխարհային շուկան՝ վտանգելով ՕՊԵԿ-ում ձեռք բերված պայմանավորվածությունները: Գուցե նույնիսկ 2022-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Կատարից տեղափոխվի՝ ահաբեկչությունը խրախուսելու մեջ մեղադրվող երկրում մարզական նման իրադարձություններ հնարավոր չեն:
Եթե Արևմուտքը սկսում է առանցքում դնել անվտանգության խնդիրը, կարո՞ղ է փոխել նաև վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի խնդրին, վերջապես ընդունելով, որ հարցը վերաբերում է Արցախի Հանրապետության ժողովրդի անվտանգությանը և հրադադարի պարբերական խախտումներն ահաբեկչական հարձակումներ են ամենօրյա ռեժիմով անկախ պետության դեմ: Ապացույցը՝ ապրիլյան պատերազմն է նաև, որ բարբարոսության ու մարդկության դեմ անմարդկային հանցագործությունների օրինակներ տվեց՝ ադրբեջանցիների կատարմամբ:

Դիտվել է՝ 1756

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ